Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաշինգտոնը պետք է փրկի Էրդողանին աղետից

Վաշինգտոնը պետք է փրկի Էրդողանին աղետից
29.03.2018 | 11:59

Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինը: Ինչու՞ պիտի ԱՄՆ-ը անհանգստանա: 150 000 մարդ այդ շրջանից տեղափոխվեց: Որոշ գնահատականներով` 2018-ի հունվարին սկսված ագրեսիայի հետևանքով, որ անվանվեց «Ձիթենու ճյուղ» ռազմարշավ, զոհվել է 204 խաղաղ բնակիչ: Հաշվի առնելով, որ համանման պատերազմական սարսափներ կային Արևմտյան Գուտայում ու Եմենում, լիովին հասկանալի է` ինչու՞ ԶԼՄ-ները բավարար ուշադրություն չդարձրին Աֆրինի ողբերգությանը` գրում է Սանդիպ Գոպալանը The Hill-ում: Աֆրինի իրավիճակը չի կարելի անտեսել մի քանի պատճառներով: Նախ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ոգևորված համեմատաբար արագ հաջողությամբ Աֆրինում` հայտարարեց հետագայում էլ ագրեսիվ քաղաքականություն վարելու մտադրությունը: Նա խոսում էր Իրաքում ռազմական գործողությունների և Սիրիա հետագա ներխուժումների մասին: Այդ սցենարը տարածաշրջանային աղետի սկիզբ կդնի: Աշխարհին պետք չէ ևս մեկ բռնակալ, որ մերժում է միջազգային իրավունքի նորմերը: Էրդողանին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի անընդունակությունը Վաշինգտոնին դարձնում է հետագա անօրինական գործողությունների մասնակից, որ անկասկած աղետալից հետևանքներ կունենան: Չնայած իրավունքի նորմերի բացահայտ խախտումներին, միջազգային հանրությունը, եզակի բացառություններով, իր մեծամասնությամբ գերադասեց լռել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտեց Թուրքիային. «Թուրքիայի օրինական շահերը անվտանգության ոլորտում չեն կարող արդարացնել այն, ինչ կատարվեց Աֆրինում` հազարավոր խաղաղ բնակիչներ ենթարկվեցին հետապնդումների, սպանվեցին կամ հարկադրված էին փրկվել փախուստով: Մենք դա վճռականորեն դատապարտում ենք»: Ցավոք, ոչ ԵՄ-ն, ոչ մյուս միջազգային մեծ խաղացողները Թուրքիայի գործողությունները չդատապարտեցին:


Երկրորդ` Էրդողանի գործողությունները քողարկում է Ռուսաստանը: Պատճառները հասկանալի են: Թուրքիան, ավելի շուտ զինվորիկ է ռուսական խաղում: Մոսկվան խաղում է թուրքական հպարտությունը և Օսմանյան կայսրության նախկին փառքը վերականգնելու Էրդողանի ձգտումների վրա: Եթե Թուրքիան շարունակի իր ճանապարհը, կարող է կոնֆլիկտի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, որ աջակցում է սիրիական Մանբիջում տեղակայված քրդական խմբավորումներին: Ռուսաստանը, հավանաբար, հույս ունի, որ կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կհեռանա ՆԱՏՕ-ից ու կընկնի իր ազդեցության տակ ամբողջությամբ: Վաշինգտոնը պետք է ստիպի Թուրքիային հրաժարվել սխալ ընթացքից` օգտագործելով նրա կախվածությունը արևմտյան օգնությունից (Թուրքիան պետք է ԵՄ-ից ստանա 5,4 միլիարդ դոլար 2014−2020-ին) և մատնանշելով, որ ընտրված ճանապարհը կարող է օրենքից դուրս լինել:


Երրորդ` Թուրքիային` ՆԱՏՕ-ի դաշնակցին, չի կարելի թույլ տալ օրինակ վերցնել խաբեբա վարչակարգերից` ինչպես Ռուսաստանն ու Սիրիան: Human Rights Watch-ը և Amnesty International-ը արձանագրել են քաղաքացիական անձանց սպանության բազմաթիվ դեպքեր և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ: Թուրքիայի զինված ուժերը մեղադրվեցին քաղաքացիական անձանց դեմ անմարդկային գործողությունների մեջ: Բացի այդ` Թուրքիայի ագրեսիան Սիրիայում խախտում է միջազգային իրավունքը: Ահաբեկչության դեմ ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին Անկարայի պնդումները Թուրքիային քիչ օգուտներ կտան: Հնարավոր սպառնալիքներից զգուշանալը բավարար չէ այլ պետության տարածքում ուժ կիրառելու համար: Միջազգային իրավունքի շրջանակներում փաստարկը, որ YPG-ի ինքնապաշտպանության ջոկատների քուրդ մարտիկները ահաբեկիչներ են և օգտագործում են Սիրիայի տարածքը Թուրքիայի վրա հարձակվելու համար, ուժի կիրառման իրավունք չի տալիս: Եթե այլ երկրներ այդ փաստարկն օգտագործեին, դա կհանգեցներ պետական ինքնիշխանության խախտման և ագրեսիայի: Քրդերը ԱՄՆ-ի հետ կռվել են ԻՊ-ի դեմ, նրանց չի կարելի հանձնել Թուրքիայի հոշոտմանը: Քրդերին ԱՄՆ-ի դավաճանելը կհանգեցնի տարածաշրջանում ևս մեկ թշնամի ստանալուն, որտեղ այնքան էլ շատ չեն բարեկամները: Թուրքիային պետք է հեռացնել անդունդի եզրից, որովհետև կարող է վերածվել ևս մեկ չկայացած պետության, որ ղեկավարում է ազգային փառքի վերականգնման մոլորություններով տարված ուժեղ մարդը: Թուրքիան ունի ուշադրություն պահանջող անհետաձգելի խնդիրներ` բնակչության 21 %-ն ապրում է աղքատության շեմից վատ, գործազրկությունը 11%-ից բարձր է: Էրդողանը գործ ունի 4 միլիոն փախստականների հետ: ԱՄՆ-ը ընտրություն չունի` պետք է գործել:
Սանդիպ ԳՈՊԱԼԱՆ, The Hill


Հ.Գ. Վառնայում Թուրքիա-ԵՄ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ տարաձայնությունները շատ են՝ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև թուրքական բանակի ներխուժում Սիրիա: «Եթե հարցնում եք, թե մենք կարողացե՞լ ենք ինչ-ինչ լուծումներ կամ փոխզիջումներ գտնել, կպատասխանեմ՝ ոչ: Ես բարձրաձայնել եմ մեր բոլոր մտահոգությունները, իսկ այդ ցանկը բավական երկար է՝ Թուրքիայում օրենքի գերիշխանության ու խոսքի ազատության վիճակը, Թուրքիայի հարաբերությունները ԵՄ երկրների հետ, իրավիճակը Սիրիայում: Մենք համաձայնեցինք, որ պետք է շարունակենք երկխոսությունը՝ չնայած դժվարին հանգամանքներին, խնդիրներին ու որոշ հարցերում շահերի ու տեսակետների անհամապատասխանությանը»` ասաց Տուսկը. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններում, այդ թվում՝ անդամակցության շուրջ բանակցություններում բարելավում կլինի, երբ Թուրքիան առաջընթաց արձանագրի մեզ մտահոգող հարցերում»: Էրդողանն ուզում էր լավատես լինել. «Հուսով եմ, որ մենք անցյալում ենք թողել դժվարին հարաբերությունների փուլը և արդեն առաջին քայլն ենք արել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ»:

Բայց նա պնդում էր, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է և պաշտպանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Այսինքն` ամեն ինչ մնում է նույնը` Թուրքիան ունի իր պատկերացումները, Եվրոպան իր արժեքները, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը իրենց շահերը, որ հակասում են միմյանց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ